Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Ջուլիետա Սահակյանի բուժարանը

Թավշածաղիկ - Бархатцы - Tagetes

Թավշածաղիկ - Бархатцы - Tagetes

Աստղածաղկավորների ընտանիքին պատկանող միամյա կամ բազմամյա երկշաքիլավոր խոտաբույսերի ցեղ է, որն ընդգրկում է մոտավորապես 59 տեսակներ: Ցողուններն ուղղահայաց են, ամուր: Կազմում են հավաքված կամ տարածված 20-120 սմ բարձրությամբ թփեր: Ցողուններն ուղղահայաց են, ամուր, տերեւները փետրաձեւ բաժանված են, մեծ մասամբ` ատամնաեզր, բացից - մուգ կանաչավուն, հերթադիր կամ հակադիր դասավորված: Մեզ ծանոթ ծաղիկներն, իրականում, ծաղկազամբյուղներ են, որոնք բաղկացած են լայն լեզվակավոր, հորիզոնական դիրքով տեղակայված թերթիկներից ու կենտրոնական, երկսեռ, խողովակաձեւ ծաղիկներից: Ծաղկազամբյուղները միայնակ են կամ հավաքված բարդ ծաղկաբույլերի մեջ:

 

Թավշածաղիկների գունային գամման շատ լայն է՝ վառ դեղին, նարնջագույն, կարմիր, շագանակագույն, երբեմն` երփներանգ: Սերմերը գտնվում են խողովակավոր ծաղիկների ստորին մասում, երկարավուն են, սեւ, հիմքում` գորշագույն: Մեկ կգ զանգվածում կարող է լինել 280-700 սերմ: Բարենպաստ պայմաններում հեշտությամբ են բազմանում ինքնացան եղանակով: Բնության մեջ Արգենտինիայից մինչեւ ԱՄՆ հարավային նահանգները տարածված է T.tenuifolia, իսկ Հարավային ու Հյուսիսային Աֆրիկայում՝ T. Erecta տեսակները: Եվրոպա է բերվել 16-րդ դարում: Ներկայումս Ֆրանսիայում, Ուկրաինայում, Վրաստանում լայնորեն մշակվում է T.patula տեսակը որպես եթերայուղատու ու համեմունքային մշակաբույս: Վրաստանում ու Հյուսիսային Կովկասում հայտնի է «Իմերեթի զաֆրան», վրացերեն՝ խավերդիս կամ մախմուրի անվանումներով: Թավշածաղիկը մշակվում է նաեւ Հնդկաստանում, Չինաստանում, Ավստրալիայում եւ այլ երկրներում:

 

Թավշածաղիկ - Бархатцы - Tagetes Թավշածաղիկ - Бархатцы - Tagetes


Թավշածաղիկ լայնատարած. T.patula


Այլ անվանումներն են` Թ. մանրածաղիկ, մախմուր: Մշակվում է որպես միամյա բույս: Ցողունը ճյուղավորվող է, 20-40 սմ բարձրությամբ: Կազմում է լայն, խիտ թփեր: Տերեւները փետրաձեւ կտրտված են, տերեւիկները նեղ, սուր-նշտարաձեւ: Խողովակաձեւ ծաղիկներում կան թվով 5 առէջներ, վարսանդն ունի 2 սպի: Բույսի տերեւներն ու ծաղիկն ունեն սուր հոտ: Ծաղկում է հունիս-սեպտեմբերին: Փորձառու ծաղկաբույծները սկզբում ցանում են սերմերը ջերմոցում՝ մարտի կեսերին, իսկ ուշ գարնանային ցրտահարության վտանգն անցնելուց հետո տեղափոխում են դաշտ: Ծաղկում է ցանքից մոտավորապես 2 ամիս անց: Գերադասում է ավազակավային, հարուստ, չափավոր խոնավ, փխրուն հողերը: Լուսասեր, ջերմասեր բույս է: Թ. մանրածաղիկի զամբյուղների տրամագիծը 2-3 սմ է, ծաղկեպսակը` պարզ, ոչ բազմաթերթիկ, որի հետեւանքով ավելի հասանելի են միջատներին: Մեղրատու բույս է:

 

Թավշածաղիկի մթերման կարգը   

 
Մթերելու նպատակով հավաքեք ծաղկանոցի արեւմտյան ու հարավային կողմերում աճող թփերի ծաղիկները, որոնք ավելի խոշոր ու առողջ են: Ձեւավորվել է ավանդույթ, որի համաձայն թավշածաղիկը պետք է հավաքել ու մթերել օգոստոսի 10-20-ը: Այդ օրերին հնում նշվել է Նավասարդը, իսկ ներկայում` Սբ. Աստվածածնի տոնը: Ծաղիկները փռում են բարակ շերտով կամ անցկացնում թելի վրա ու չորացնում օդափոխվող ծածկի տակ: Մթերում են նաեւ վերգետնյա կանաչ զանգվածը: Չոր հումքը պահում են տուփերի մեջ մինչեւ 2 տարի: Կարեւոր է իմանալ, որ ծաղկազամբյուղի տերեւիկների վրա կան եթերային յուղեր արտադրող գեղձիկներ: Հավաքելու ընթացքում պահպանեք զգուշավորություն, քանի որ շատերի մոտ կարող է լինել անհատական անընկալունակություն բույսի եթերային յուղի հանդեպ: Թավշածաղիկը հաճախ տնկում են սոխի, կարտոֆիլի, այլ մշակաբույսերի մարգերի միջեւ կամ խոտը մանրացնում են ու խառնում բնահողին, քանի որ այն ունի ուժեղ արտահայտված մանրէասպան, հակասնկային ազդեցություն:

 

Թավշածաղիկ - Бархатцы - Tagetes Թավշածաղիկ - Бархатцы - Tagetes


Թավշածաղիկի քիմիական բաղադրությունը


Բույսի քիմիական բաղադրությունը հետեւողականորեն ուսումնասիրել է բազմավաստակ գիտնական, մեր հայրենակից էդուարդ Տոնիկի Հովհաննիսյանը: Հետազոտությունների ճնշող մասը կատարվել է Պյատիգորսկի Բժշկական համալսարանում: Հովհաննիսյանի ղեկավարությամբ գրվել ու պաշտպանվել են մոտ 3 տասյակ թեկնածուական ու 5 դոկտորական թեզեր: Դրանցից մեկում հանգամանորեն ուսումնասիրվել է Թ.մանրածաղիկի որակային ու քանակային քիմիական կազմը (Ж.В.Подгорная, Исследование цветков бархатцев распростертых с целью получения биологически активных веществ, Автореферат, 2008): Հայտնաբերվել են կումարիններ (առաջին անգամ), փրփրանյութ, ստերին, դարչնի թթվի ածանցյալներ, բարդ շաքարներ, բարձր ադսորբացնող հատկություն ունեցող պեկտին, գեմիցելյուլոզա (A ու B), ամինաթթուներ՝ լեյցին, լիզին, գլուտամինի ու ասպարագինի թթուներ, տոկոֆերոլներ, ասկորբինաթթու: Պարունակում է նաեւ մակրոտարրեր՝ ֆոսֆոր, նատրիում, մագնեզիում, կալցիում, կալիում, միկրոտարրեր՝ երկաթ, ցինկ, մանգան, սելեն, այլ:

 

Ավելի վաղ (Э.Т. Оганесян и др., Биологически активные вещества липофильной фракции из цветков Таgetes patula… Современные наукоемкие технологии, 2004, № 6, стр. 107-108) Թ. մանրածաղիկից ստացված յուղամզվածքում հայտնաբերվել են 62.7մգ /% կարոտինային նյութեր, 8.7% ֆլավոնոիդներ, ստերոիդ միացություններ: Ֆլավոնային նյութերի որակային կազմը պատկառելի է՝ լյութեոլին, ապիգենին, կվերցետին, դեգիդրոկվերցետին, ռոբինին, բույսին բնորոշ պատուլետին եւ այլն: Գիտնականն անդրադարձել է նաեւ Թ.մանրածաղիկում պարունակվող բարդ շաքարների ուսումնասիրությանը [Полисахариды цветков бархатцев отклоненных (T.patula), 2007]:

 

Թավշածաղիկ - Бархатцы - Tagetes Թավշածաղիկ - Бархатцы - Tagetes

 

Թավշածաղիկ մանրածաղիկի վերգետնյա մասը պարունակում է 0.29-0.35% եթերային յուղ, որը ջրից թեթեւ է: Գույնը դեղին է, որոշ ժամանակ անց մգանում ու պոլիմերիզացվում է: Կրասնոյարսկի համալսարանի գիտնականները (ռեկտոր՝ ՌԴ ԳԱ ակադեմիկոս Ե.Ա. Վահանով) նշում են, որ եթերային յուղի բաղադրությունը կախված է ենթատեսակից, հավաքման ժամկետից ու տեղանքի բնակլիմայական պայմաններից: Որպես օրենք, պարունակում է 15-25% տագետոն, 10-18% գիդրոտագետոն, մինչեւ 15% օցիմենոն (նույնն է` դիգիդրոտագետոն), 6% կարվոն, նաեւ լինալոոլ, լիմոնեն, անիսոնի ալդեհիդ, պիպերիտին, այլ՝ ավելի քան 50 բաղադրիչ: Գիտնականները պարզելլ են, որ եթերային յուղը պարունակում է մինչեւ 13.7% անհայտ նյութեր:


Դեղաբանական նկարագիրը


Օցիմենն ու դրա իզոմերներն ունեն հականեխիչ ու հանգստացնող ազդեցություն: Ծաղիկներից ստացված յուղամզվածքը վերականգնում է լյարդի բջիջները, ունի վերքամոքիչ հատկություն: Ֆլավոնոիդ պատուլետինը նվազեցնում է արյունատար անոթների թափանցելիությունը, ունի հիպոտենզիվ ու հակադիաբետիկ ազդեցություն, նաեւ P-վիտամինային ակտիվություն: Ժողովրդական բժիշկներին վաղուց ի վեր հայտնի են թավշածաղիկի միզամուղ, քրտնամուղ, որդաթափ, հակաբորբոքային հատկությունները: Արմատն ու սերմն ունեն լուծողական ազդեցություն եւ, հավանաբար, մաքրում են օրգանիզմը թույներից:


Կիրառման ոլորտը


Եթերային յուղը խորհուրդ է տրվում նեւրոզի, ցիստիտի, ուրետրիտի, դժվար միզարձակության դեպքում, ճիճվակրության (аскариды, острицы) դեմ: Պյատիգորսկի Դեղագործական ակադեմիայում (И.В.Mалинина, Разработка сухого и маслянного экстрактов цветков бархатцев и перспективы их использования, 2011) մշակվել է դեղորայք, որն անցել է փորձնական դեղաբանական հետազոտություն ու հաստատվել է դրա հեպատոպրոտեկտ ու հակախոցային ազդեցությունը: Չինաստանում օգտագործում են հազի, խիթերի, մաստիտի եւ այլ հիվանդությունների դեպքում:

 

Թավշածաղիկ - Бархатцы - Tagetes


Թավշածաղիկի եթերային յուղը


Ֆրանսիացիները T.patula տեսակի 10 կգ հումքից ստանում են մոտավորապես 50 գ եթերային յուղ, որն օգտագործվում է օծանելիքի արտադրությունում:

 

Զգուշացում. յուղով մշակված մաշկի վրա արեւի ճառագայթները կարող են այրվածք առաջացնել: Նման ֆոտոտոքսիկ ազդեցություն ունեն նաեւ ցիտրուսայիններից ստացված եթերային յուղերը: Յուղը փափակեցնում ու վերականգնում է թառամող, չոր մաշկը: Նվազեցնում է հուզական լարվածությունը, սթրեսը, պարզեցնում է գիտակցական ոլորտը, օգնում է կարգավորել վարքը: Բարձրացնում է հավատը սեփական ուժերի հանդեպ, հաջողություն է բերում (Бархатцы. Эфирные масла в косметологии, 2015): Հնդկաստանում թավշածաղկի ու սանդալի ծառի եթերային յուղերի համադրությամբ պատրաստում են արժեքավոր օծանելիք:


Թավշածաղիկի պահածոներ


Մարինադ. հարկավոր է 1 կգ նոր բացվող ծաղկազամբյուղ, 500 մլ քացախ, 40 գ աղ: Բաղադրամասերը խառնեք, 5 րոպե եփեք, տեղավորեք մանրէազերծված տարայի մեջ, փակեք: Ուտում են տաք, չոր ուտեստների հետ:


Պահածո աղաջրով. 50 գ աղը լուծեք 500 մլ եռջրի մեջ, 5 րոպե եփեք, ավելացրեք 1 կգ ծաղիկ, եփեք եւս 5 րոպե, փակեք: Ավելացնում են արգանակների մեջ:


Ոգեթուրմ. ծաղկազամբյուղները մանրացրեք, 21 օր թրմեք օղու մեջ (1:2) մութ տեղում, քամեք: Օգտագործում են խմորեղենի պատրաստման համար, համեմում են մսեղենը:


Համեմունք. չոր, ծաղկազամբյուղը մանրացրեք ու փոշիացրեք սերմի հետ: Ավելացրեք կոմպոտի, կիսելի, քաղցրավենիքի մեջ: Վրացիներն այն ավելացնում են սացիվի, խարչո, չխրթմա ուտեստների ու հանրահայտ «քմելի-սունելի» խառնուրդի մեջ (չնչին՝ 0.1%-ի չափով): Թավշածաղիկը լավացնում է մարսողությունը, բարձրացնում է օրգանզմի դիմադրողականությունը՝ մրսածության, մանրէների, բորբոքումների դեմ, հանում է լարվածությունը:


Թավշածաղիկ - Бархатцы - TagetesԴեղատոմսեր Թ. մանրածաղիկով


Յուղամզվածք. ծաղկազամբյուղները մանրացրեք, ոչ խիտ լցրեք ապակյա տարայի մեջ (ամբողջովին), ազատ ծավալը լրացրեք բուսայուղով՝ ցանկալի է ձիթապտղի կամ արեւածաղկի: Յոթ օր թրմեք մութ տեղում, քամեք, հումքը զտեք, հեղուկն ավելացրեք յուղամզվածքին:


Թարախային ցան. օրը 2 անգամ մշակեք մաշկի վնասված մասը:


Պառկելախոց. բամբակե հյուսվածքը թրջեք յուղի մեջ ու ամրացրեք վերքի վրա: Ամեն օր փոխեք վիրակապը:


Կոշտուկներ արմուկի վրա. արմունկը 10 րոպե պահեք յուղի մեջ, կատարեք օրը մեջ:

 

Յուղամզվածք. Տարբերակ 2-րդ. 2 ճ.գ. փոշիացրած, մաղով անցկացրած ծաղիկները 14 օր թրմեք 1 ճ.գ. նշի (կամ ծիրանի սերմի) ու 50 մլ ձիթապտղի յուղերի խառնուրդի մեջ, զտեք: Օգտագործեք շրթունքների ճաքերի ժամանակ ու կոշտուկների դեպքում` օրը 1-2 անգամ:


Յուղամզվածք. տարբերակ 3-րդ.. ծաղկազամբյուղները մանրացրեք, 10 ժամ թրմեք բուսայուղում (1:10), 30 րոպե պահեք ջրային բաղնիքի վրա (60-70°C), քամեք, զտեք: Քսեք վերքերին կամ դրեք թրջոց` այրվածքի դեպքում:


Նյարդային անհանգիստ վիճակ, անքնություն. մանրացրեք, խառնեք տերեւն ու ծաղիկը (1:1), 1 ճ.գ. հումքը 30 րոպե թրմեք 200 մլ եռջրում, քամեք: Խմեք 50-ական մլ, օրը 4 անգամ, ուտելուց ու քնելուց առաջ:


Հիպերտոնիա. մանրացրեք, խառնեք 1-ական թ.գ. թավշածաղկի ու վաղենակի ծաղիկներ, դաղձ, պղպեղայինի տերեւ, 15 րոպե թրմեք 200 մլ եռջրի մեջ, քամեք, խմեք 100-ական մլ, նախաճաշից ու ընթրիքից 30 րոպե առաջ:


Հոդատապ. մանրացրեք 5 միջին ծաղիկներ, լցրեք 1 լ եռջրի մեջ, 5 րոպե եփեք, 15 րոպե թրմեք, քամեք: Խմեք 200-ական մլ, օրը 5 անգամ: Շարունակեք 2 ամիս, կրկնեք 14 օրից:


Թավշածաղիկ - Бархатцы - TagetesՎիտիլիգո, նեյրոդերմիտ, փսորիազ, մազաթափություն, տեսողության անկում. մանրացրեք 4 միջին ծաղկազամբյուղ, լցրեք 400 մլ եռջրի մեջ, 5-7 րոպե եփեք թույլ կրակի վրա, քամեք: Հումքի վրա լցրեք 50 մլ եռջուր, կրկին եփեք 5-7 րոպե, քամեք: Հումքը թափեք, իսկ եփուկները խառնեք (մոտավորապես 200մլ+50մլ): Խմեք 70-ական մլ, օրը 3 անգամ: Շարունակեք 1 ամիս, կրկնեք 30 օր անց:


Ենթաստամոքսային գեղձի հիվանդություններ, շաքարային դիաբետ. 1 ծաղիկը թրմեք 200 մլ տաք ջրում (70-80°C), քամեք, խմեք 50-ական մլ, օրը 4 անգամ:


Շաքարային դիաբետ. ընտրեք 50 հատ մուգ նարնջագույն կամ կարմիր ծաղկազամբյուղներ, լցրեք 500 մլ օղու մեջ, 7 օր թրմեք մութ տեղում, քամեք: 1 թ.գ. լուծեք 100 մլ ջրի մեջ, խմեք ուտելուց առաջ, կատարեք օրը 3 անգամ: Շարունակեք 21 օր, կրկնեք 7 օրից:


Արթրիտ. 20-25 հատ թարմ ծաղկազամբյուղները լցրեք1 լ տաք ջրի մեջ, տարան փաթաթեք լաթով, 1 ժամ թրմեք, քամեք, հումքը մզեք: Օրվա ընթացքում խմեք 1-2 լ թուրմ, շարունակեք 45-90 օր, կրկնեք 6 ամիս անց:


Նյութափոխանակությունը լավացնող, լյարդի բջիջները վերականգնող. 5 ծաղկազամբյուղ լցրեք 1 լ եռջրի մեջ, 3 րոպե եփեք թույլ կրակի վրա, քամեք: Խմեք 250-ական մլ՝ նախաճաշից ու ընթրիքից առաջ, գոլ վիճակում: Շարունակեք 1 ամիս, կրկնեք 7 օրից:


Դիմադրողականությունը բարձրացնող, արյունատար անոթների պատերն ամրացնող. մանրացրեք, խառնեք 1 ճ.գ. թավշածաղկի ու 1 թ.գ. ասպիրակի չոր ծաղիկներ, 20 րոպե թրմեք 400 մլ եռջրում, տաք տեղում, քամեք: Խմեք 100-ական մլ՝ օրը 3-4 անգամ, ուտելուց առաջ:


Ճիճվաթափություն. քնելուց առաջ կերեք 3-5 թարմ, տաք ջրով լվացած ծաղկազամբյուղ: Երեխաներին տվեք 1-2 հատ:


Դեղատոմսերը վերցված են հեղինակի (Ջ.Ս., Հավատարմություն խորհրդանշող թավշածաղիկը, 2011) ու բժիշկ Ս.Յ.Դեմչենկոյի (Лечебные чернобривцы, Первая Крымская. И-А Газета, №489, 2013) նյութերից:


Մաշկը երիտասարդացնող լոսյոն. մանրացրած ծաղկազամբյուղի 2 ճ.գ. 10 ժամ թրմեք 200 մլ եռջրում, քամեք, հումքը մզեք: Թուրմի մեջ լուծեք 1 ճ.գ. օղի ու 1 թ.գ. կիտրոնահյութ, պահեք սառնարանում: Օրը 2-3 անգամ ներմերսեք մաշկին:


 ԶԳՈւՇԱՑՈւՄ: Հակացուցված է հղիներին ու անհատական անընկալունակության դեպքում: Թուրմն ունի ներկող հատկություն:

Հեղինակ. Ջուլիետա ՍԱՀԱԿՅԱՆ
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Բուժումներ խուրմայով. 168.am
Բուժումներ խուրմայով. 168.am

Բուժիչ նամակներ Փյունիկյան արմավենին մինչև 8 մ բարձրությամբ խոշոր, երկար տերևներով սլացիկ ծառ է։ Պտուղները կազմում են խիտ ողկույզներ, որոնց երկարությունը և տրամագիծը չափվում են մի քանի մետրով...

Սնունդը և առողջությունը
Բուժում են սերմերը. 168.am
Բուժում են սերմերը. 168.am

Յուրաքանչյուր սերմ հայտնվելով բարենպաստ պայմաններում` փոքրիկ ծիլ է տալիս, որը կախված գենետիկ ծրագրից` դառնում է խոտաբույս, թուփ, ծառ, լիանա, ջրիմուռ, և այլն։ Մարդը հնագույն ժամանակներից հասկացել է...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Մեղրատու, բուժիչ ոզնենին. 168.am
Մեղրատու, բուժիչ ոզնենին. 168.am

Բուժիչ նամակներ Ոզնենիների ենթաընտանիքը (Echinops) ընդգրկում է մոտ 125 տեսակներ. պատկանում է բարդածաղկավորների ընտանիքին։ Հայաստանում հանդիպում են ոզնենիների մոտ մեկ տասնյակ տեսակներ...

Դեղաբույսեր
Հալվե – Алоэ - Aloe
Հալվե – Алоэ - Aloe

Թաղաղուազգիների ընտանիքին (Xanthorrhoeaceae, Asphodelaceae ենթաընտանիքի) պատկանող բազմամյա միաշաքիլավոր խոտաբույսերի, թփերի, հազվադեպ՝ ծառերի ու լիանաների ցեղ է, որի գիտական անվանումը...

Դեղաբույսեր
Խուլ եղինջ - Яснотка - lamium
Խուլ եղինջ - Яснотка - lamium

Շրթնածաղկավորների (Labiatae) կամ նույնն է խուլ եղինջազգիների ընտանիքին պատկանող միամյա կամ բազմամյա, երկշաքիլավոր խոտաբույսերի ցեղ է: Ըստ The Plant List (2013) Խուլ եղինջ ցեղը ընդգրկում է 30 տեսակներ...

Դեղաբույսեր
Մատնունի - Лапчатка - Potentilla
Մատնունի - Лапчатка - Potentilla

Մատնունի ցեղն ընդգրկում է մոտավորապես 300 (այլ տվյալներով՝ 500) տեսակներ, որոնք վարդազգիների ընտանիքին պատկանող միամյա կամ բազմամյա, երկշաքիլավոր խոտաբույսեր են: Ցեղի անվանումն առաջացել է լատիներեն...

Դեղաբույսեր
Զանգակածաղիկ - Колокольчик - Campanula
Զանգակածաղիկ - Колокольчик - Campanula

Զանգակազգիների (Campanulaceae) ընտանիքին պատկանող ավելի քան 80 ցեղերից մեկն է: Զանգակների ցեղն ընդգրկում է մոտավորապես 475 (GRIN) տեսակներ, որոնք միամյա, երկամյա կամ բազմամյա խոտաբույսեր են: Դասակարգում...

Դեղաբույսեր
Գորտնուկ (Հրանուկ) - Лютик (Едкиж) - Buttercup (Ranunculus)
Գորտնուկ (Հրանուկ) - Лютик (Едкиж) - Buttercup (Ranunculus)

Գորտնուկազգիների (Ranunculaceae) ընտանիքին պատկանող միամյա, երկամյա կամ բազմամյա բույսերի ցեղ է, որն ընդգրկում է Հյուսիսային կիսագնդի բարեխառն գոտիներում, Նոր Զելանդիայում ու Ավստրալիայում...

Դեղաբույսեր
Դաշտափուշ - Бодяк полевой - Cirsium arvense L.
Դաշտափուշ - Бодяк полевой - Cirsium arvense L.

Աստղածաղկավորների (Asteraceae) ընտանիքին պատկանող երկամյա կամ բազմամյա, երկշաքիլավոր, քիստավոր խոտաբույսերի ցեղ է: Ընդգրկում է մոտ 250, ըստ The Plant List ցանկի` 484 ենթատեսակներ, որոնք հիմնականում...

Դեղաբույսեր
Դանդուռ բանջարանոցային - Портулак огородный - Portulaca oleracea
Դանդուռ բանջարանոցային - Портулак огородный - Portulaca oleracea

Դանդուռ բանջարանոցայինը միամյա բույս է, պատկանում է դանդուռազգիների ընտանիքին (Portulacaceae), որն ընդգրկում է ավելի քան 100 տեսակներ: Ըստ որոշ տեղեկությունների հայտնի է եղել ավելի քան 10.000 տարի առաջ...

Դեղաբույսեր
Կորնգան ցանքային - Эспарцет песчаный (Эспарцет посевной) - Onobrychis arenaria (Kit) L.
Կորնգան ցանքային - Эспарцет песчаный (Эспарцет посевной) - Onobrychis arenaria (Kit) L.

Կորնգանը (Onobrychis Adans) բակլազգիների ընտանիքի բազմամյա, հազվադեպ՝ միամյա, խոտաբույս է կամ` թուփ: Լատիներեն գիտական անվանումը ծագում է հունարեն «onos»` ավանակ եւ «brich»` կրծոտել բառերից...

Դեղաբույսեր
Անմոռուկ - Незабудка - Myosotis
Անմոռուկ - Незабудка - Myosotis

Անմոռուկների (Myosotis) ցեղը պատկանում է գաղտրիկազգիների (Boraginaceae) ընտանիքին: Հայտնի են անմոռուկի 50 տեսակներ, որոնք Եվրասիայում, Ամերիկայում, Հարավային Աֆրիկայում, Ավստրալիայում ու Նոր Զելանդիայում...

Դեղաբույսեր
Ծիրանաչիր. օրգանիզմի դիմադրողականությունը բարձրացնող մթերք
Ծիրանաչիր. օրգանիզմի դիմադրողականությունը բարձրացնող մթերք

Ծիրանենու պտղաչիրն օրգանիզմն ամրացնող հրաշալի մթերք է, որի 100գ զանգվածի էներգետիկ արժեքը 241 կկալ է: ՌԴ «Будьте здоровы» (Спец. выпуск, 21.2012) խմբագրակազմը առաջարկում է հիվանդություններից ապաքինվող...

Սնունդը և առողջությունը
Բատատ՝ նույնն է քաղցր կարտոֆիլ կամ երկարակեցության արմատ
Բատատ՝ նույնն է քաղցր կարտոֆիլ կամ երկարակեցության արմատ

Բատատը [Ipomoea batatas (сладкий картофель, батат)] պատատուկազգիների ընտանիքին պատկանող բազմամյա բույս է, իսկ մորմազգի պատատեսը (կարտոֆիլ)՝ այսինքն «քաղցր կարտոֆիլ» անվանումը, որեւէ գիտական հիմք չունի...

Սնունդը և առողջությունը Դեղաբույսեր

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ